Վարդան Այգեկցի

LitoPediaյից
Vardan Aygektsi.jpg

Վարդան Այգեկցի, միջնադարյան հայ առակագիր:

Միջնադարյան հայ գեղարվեստական գրականության նշանակալից բաժինն են կազմում առակները, որոնց զգալի մասը կապված է նոր մտավոր հոսանքի, գրականության աշխարհականացման շրջանի XII—XIII դարերի ականավոր գործիչ, քարոզիչ-առակաբան Վարդան Այգեկցու անվան հետ։

Կյանքը

Այգեկցու մասին կենսագրական որոշ տեղեկություններ պահպանված են իր գործերի հիշատակարաններում։ Այդ տվյալներից պարզվում է, որ ծնվել է Ասորիքի առևտրաարդյունագործական կենտրոն Դլուք (Տլուք) գավառի հայաբնակ Մարաթա գյուղում։ Ինքն իրեն կոչում է Մարաթացի։ Կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև՝ Կիլիկիայի Սև լեռներում գտնվող Արքակաղինի վանքում։ Եղել է Արքակաղինի եղբայրության անդամ։ Ուսումն ավարտելուց հետո ստացել է վարդապետի աստիճան և զբաղվել քարոզչական գործունեությամբ՝ նախ Ամիթում (այդ պատճառով էլ կոչվել է նաև Ամթեցի), ապա Դլուքում։ Իբրև քարոզիչ-վարդապետ նա շատ է շրջել։ Այս շրջանում ծանոթացել և մտերմացել է մի քանի իշխանների, հատկապես թագավորազն իշխան Պաղտինի (Բալդուին) հետ։ 1198 թ. մասնակցել է Կիլիկիայի Լևոն Բ թագավորի թագադրության հանդեսին։ Շուտով ինչ-ինչ պատճառներով հալածվել է և հարկադրված է եղել պանդխտել։ Երկու տարի թափառելուց հետո, 1210 թ. հաստատվում է Այգեկ վանքում։ Այգեկը մի «անապատ» էր հիմնված XII դ. վերջին քառորդի սկզբներին Սև լեռների Դոսխ (Տոսխ) կոչված այգեվետ ձորում։ Իր այս վերջին հանգրվանի անունից էլ ստանում է Այգեկցի հորջորջումը։ Այստեղ է գրել քսաներկու ճառերը, խրատական հինգ թղթեր՝ ուղղված իր հոգևոր սան, Անտիոքի եպիսկոպոս Միքայելին, և ուրիշ թղթեր ու խրատական գրություններ։ Եղել է նախ Դրազարկում, որ Սսի արքեպիսկոպոսների նստավայրն էր, ուր՝ «ի միայնաւոր խցի» վերախմբագրել է իր քսանեկու ճառերը, ավելացնելով «Ժ (տասն) վաճառականաց» խրատ-առակները իբրև ներածություն։

Նրա խրատներից մեկը գրված է 1229 թ.: Թե դրանից հետո որքան է ապրել՝ հայտնի չէ։ Մահացել է ծեր հասակում:

Գործը

Այգեկցին ոչ միայն եռանդուն քարոզիչ ու մեծ ձիրքով օժտված հռետոր է եղել, այլև իր գործերը ինքը արտագրել և տարածել է։ Նրա շատ աշխատություններ ունեցել են հեղինակի ձեռքով գրված մեկից ավելի ընդօրինակություններ, հաճախ խմբագրական բնույթի զգալի տարբերություններով։ Այգեկցին հորդորել է նաև ուրիշներին, որ բազմացնեն ու տարածեն իր գրքերը։

Այգեկցու մեզ հասած գործերից ժամանակով առաջինը «Արմատ հաւատոյ»-ն է, օտար և հայ եկեղեցական մատենագրությունից քաղված վկայությունների մի ժողովածու, որ օգտագործվելու էր քաղկեդոնականների դեմ վիճաբանելիս։ Բանն այն է, որ՝ Վատիկանն ու Բյուզանդական կայսրությունը Կիլիկիայում իրենց քաղաքական ազդեցությունն ամրապնդելու համար քաղկեդոնականության տարածման միջոցով ձգտում էին գաղափարապես դիմազրկել ընդդիմադիր ուժերին։ Քաղկեդոնական գաղափարախոսությունը լայնորեն տարածվել էր Կիլիկյան Հայաստանում հատկապես իշխող դասերի, այդ թվում և հոգևորականության որոշ մասի շրջանում, առաջ էր եկել Հեթումյանների թագավորական տան և հոգևոր վերնախավի կողմից գլխավորվող հայ ու քաղկեդոնական եկեղեցիների միավորման շարժումը, որ արևմտյան կողմնորոշման արտահայտություն էր ի վնաս ներքին միասնության։ Այգեկցու ժամանակ դավանաբանական տարաձայնությունները ավելի սրվել էին հենց Կիլիկիայում, և առաջնահերթ խնդիր էր դարձել հայկական կյանքի մեջ թափանցող օտար ազդեցությունների, հատկապես հայ քաղկեդոնականների դեմ պայքարը, որը անուղղակի միջոց էր պահպանելու ժողովրդի ազգային ինքնուրույն նկարագիրը։ Վարգան Այգեկցին հանդես է գալիս որպես այդ պայքարի կրքոտ ու եռանդուն կազմակերպիչ, հակահարված տալով անջատողական ձգտումներին։

Վարդանը աշխատում էր միաժամանակ մեղմել դավանաբանական քողի տակ արտահայտվող ազգամիջյան խռովություններն ու երկպառակությունները և հորդորում էր խաղաղության ու հանդուրժողականության։ «Որդեակք.... վասն կարգաց եկեղեցւոյ մի քննէք և բանավէճ լինիք և անհանգիստք, — գրում է նա «Վասն շատահաջ քննողացն յանդիմանութիւն» նամակում ուղղված Դլուք գավառի հայ, ասորի և հոռոմ բնակչությանը,— ...բարեգործութեամբ և խաղաղութեամբ և սիրով բնակեցէք», «աղաչեմ զձեզ ի բաց թողէք ի ձէնջ զտրտունջ և զբամբասանք»։

Այգեկցու քարոզներն ու խրատներն ուղղված են մարդկային զանազան արատների՝ շնության, կախարդության, լեզվանության, հիշոցատվության, նենգության, հպարտության, արծաթասիրության, գողության, ոխակալության, որովայնամոլության, արբեցողության դեմ և արտահայտում են միջնադարում սովորական գաղափարներ՝ բարեգործություն, աղքատասիրություն, մեղքերից խուսափում, ապաշխարանք, խոստովանություն, զղջում և այլն։ Այնուամենայնիվ, նրա այս գործերը ևս ունեն ճանաչողական արժեք և հետաքրքիր են նրանով, որ արտացոլում են ժամանակի իրականության որոշ կողմեր, սոցիալական խորացած ներհակությունները։ Դրանց մեջ տեղեկություններ ենք գտնում՝ անապատների ներքին կյանքի մասին։ Այստեղ կրոնավորների բարքերը զգալիորեն ընկել են. անապատներում նրանք զբաղվում են այգեգործությամբ ու պարտիզպանությամբ և հաճախ վեճ ու կռվի մեջ մտնում անձնական սեփականության համար։

Իր քարոզների մեջ Այգեկցին դատապարտում է մեծատուններին ու վաճառականներին, մարմնավոր ու հոգևոր գործակալներին այն բանի համար, որ նրանք վաշխ են առնում, բռնադատում, խաբում ու հափշտակում են, գողանում ու տուգանում են, կտրում «զվարձս մշակին» զրկում որբին, աղքատին ու այրուն: Այդպիսիներին Վարդանը ահաբեկում է գեհենով. «Վա՜յ որ կտրէ զվարձս մշակին և զրկէ զորբն և զայրին և զաղքատն. զի դժոխքն է տեղի և դադարք նորա». «վաշխն ճանապարհ է գեհենոյն», «վա~յ է այնոցիկ որ սղավաճառ լինին և մեղանչեն ի չափս և ի կշիռս, և որք խառնեն զջուրն ի կաթն և ի գինին և ծախեմ»։ Սակայն հեղինակը զրկվածներին ու կեղեքվողներին կոչ չի անում ընդդեմ զրկողների ու կեղեքիչների, այլ համոզում է, թե նրանք պատժվելու են վերուստ։ Քարոզիչը, ուրեմն, հանդես է գալիս հաշտարարի դերում սոցիալական ներհակ կողմերի միջև, մի կողմից՝ դիմում է իշխողներին՝ հարստահարություններն ու կեղեքումները մեղմացնելու պատգամով, մյուս կողմից՝ հորդորում է ընչազուրկներին, ժողովրդական ճնշված զանգվածներին՝ չըմբոստանալ ու չընդվզել տերերի դեմ։

Այգեկցին իր քարոզներն ու խրատները հորինում է այնպես, որ հաճելի և դյուրըմբռնելի լինեն նաև ոչ ուսյալ ունկնդիրների ու ընթերցողների համար («որ կարէ իմանալ տխմարն և տգէտըն»)։ Այս նույն նպատակով նա իր ճառերը համեմում է այլաբանական առակներով ու զրույցներով, որոնք ավելի հեշտ ընկալելի են դարձնում քարոզվող գաղափարները։ Դրանով Վարդան Այգեկցին հայ գրականության մեջ մտցնում է մի նոր տեսակ՝ առակավոր ճառեր։

Խրատների մեջ գործածած առակների համար Վարդանի հիմնական աղբյուրները եղել են եզոպոսյան առակները և «Բարոյախոսը»։

Ենթադրվում է, որ Այգեկցին ինքը ճառերից հավաքելով առակներր, կազմել է մեկ կամ երկու ժողովածու, այդ օրինակով նման ժողովածու-առակագրքեր կազմել են ուրիշները ևս։ Կենտրոն ունենալով Վարդանի առակները, որոնց թիվը երեք տասնյակից ավելի է, այդ առակագրքերը հետագայում շարունակ բազմացվել և ճոխացվել են՝ ընդգրկելով նորանոր առակներ, զրույցներ, պատմվածքներ, հոգեշահ պատմություններ և այլն։ Մյուս կողմից՝ ժամանակի ընթացքում հին, ծավալով փոքր ժողովածուները միացվում են և առաջ են գալիս ընդարձակ առակագրքեր, որոնց մեջ առակների քանակր հարյուրների է հասնում։ Մեծ խմբավորումներից մեկը ստանում է «Աղվեսագիրք» անվանումը, որպիսի խորագրով և հրատարակված է առաջին անգամ 1668 թ. Ամստերդամում։

Առակագրքերի բազմանալը կապված էր նրանց գործնական– նշանակության հետ՝ օգտագործվում էին դպրոցներում «Առասպելավարժություն» դասընթացի համար, որի ժամանակ աշակերտներին առակներ մեկնել սովորեցնելով վարժեցնում էին դառնալու մեկնաբաններ, ինչպես նաև պետք էին քարոզիչներին՝ այնտեղից առակներ քաղելու իրենց քարոզների համար։ Սակայն առավելապես այն արդյունքն էր երկու դար առաջ սկիզբ առած նոր մտավոր հոսանքի զարգացման, կյանքի ու աշխարհայեցողության փոփոխությամբ պայմանավորված գրականության աշխարհականացման։ Այս միջոցին ժողովրդական բանահյուսության հոսանքը ներթափանցում է առակների ժողովածուները, նրանց մեջ մուտք են գործում առակներ, զրույցներ, զվարճալիքներ բուն իսկ ժողովրդական բանահյուսությունից։ Ավելին` հին առակները խմբագրվում են ժողովրդականի ազդեցությամբ ու ոգով։ Այսպիսով, որակական փոփոխություն են կրում վարդանյան ժողովածուները թե ձևի՝ պարունակած առակների, և թե դրանց բովանդակության առումով, և դառնում են ընթերցանության գրավիչ ու ախորժելի գրքեր։

Նշված հանգամանքներն են պատճառը, որ առակների բազմաթիվ ձեռագրեր են հասել մեզ, զանազան մատենադարանների մոտ 200 հայերեն գրչագրեր պարունակում են առակները՝ ամբողջական ժողովածուների կամ մասնակի ընդօրինակությունների ձևով։ Դրանց մի զգալի մասը կապված է Վարդան Այգեկցու անվան հետ՝ իբրև հեղինակի։ Մեկ-երկու բացառությամբ այդ հավաքածուները նույնական չեն և իրարից տարբերվում են թե պարունակած առակների քանակով ու նրանց դասավորությամբ, թե՛ բուն առակների զանազանությամբ, թե՛ լեզվական, ոճական, հաճախ էլ բովանդակության այլևայլ մշակմամբ։

Այգեկցին, բնականաբար, խրատների մեջ գործածելու էր այնպիսի առակներ, որոնք լինեին հարմար ցուցադրական նյութ՝ իր արծարծած խնդիրների ու արտահայտած գաղափարների համար։

Վարդանի քարոզներում երևում են սոցիալական ներհակությունները, նույնը գտնում ենք և նրա առակներում:

Սակայն հետագա ժողովածուներում ներառված առակներում արդեն սոցիալական հարցերը արծարծվում են ավելի ցայտուն և բացահայտ, նրանց մեջ երևում է հասարակական կյանքի պատկերը դրսևորված բավական բազմակողմանիորեն։ Փոխված է հայացքր ազնվականի ու իշխանի, այլև հոգևոր առաջնորդների նկատմամբ, և նրանց քննադատությունը այլևս զգուշավոր չէ, այլ ուղղակի և խիստ։

Առակներում սուր ծաղրի է ենթարկված նաև հոգևորականությունը. հոգևոր դասի շատ ներկայացուցիչներ որովայնամոլ են, ագահ ու ընչաքաղց։ Հոգևոր դասի ներկայացուցիչներից շատերը զերծ չեն փառասիրության և նույնիսկ շնության ախտերից։ Առակներից մեկում միայնակեցը սատանայի հետ ուխտ է կապում, որ սատանան իրեն մեծության հասցնի («Ուխտ միայնակեցի ընդ սատանայի»), մի ուրիշում («Միայնակեաց և գամբռ շուն») միայնակեցը շնանում է, աստծուց չքաշվելով, իսկ գամբռ շունը նրան սարսափեցնում է և ետ կանգնեցնում շնության ախտից:

Հայկական միջնադարյան առակներում, ավելի քան մատենագրության որևէ այլ տեսակում, պարզորոշ արտահայտված են հասարակական կյանքում և մտածողության մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Այդ փոփոխությունների շատ ավելի խորացած դրսևորումների արտացոլումներ ենք տեսնում Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակների համեմատությամբ՝ առակագրքերի հետագա շերտերի, մանավանդ ժողովրդական ծագումի առակներում։

Եթե Մխիթար Գոշի առակներում լոկ անգետ մի հովիվ է փախչում զատկի տոնին հաղորդվելուց, ասելով թե՝ «Ոչ ճաշէ զի կերայց և ոչ հրամենք», ապա այստեղ արդեն մարդիկ ընդհանրապես անտարբեր ու սառն են եկեղեցու նկատմամբ, ժամ չեն գնում և զվարճալի տեսարանները գերադասում են սաղմոսից ու աղոթքից։

Ավելին՝ ժամանակներն այնքան են փոխվել, որ արդեն կասկածի տակ են առնվում քրիստոնեական վարդապետության բուն հիմքերը և ավետարանի քարոզած գաղափարների ու իրականության մեջ տեսնում են անհարիրություն («Միայնակեաց և տաճիկ իշխան», ուր սրամտորեն ու նուրբ ծաղրի է ենթարկված Քրիստոսի «ձրի առէք և ձրի տուէք» բանաձևը), առհասարակ թերահավատ են ավետարանի պատգամների նկատմամբ, այլև սուտ են համարում նրա մեջ գրվածները։

Վերջին առակները անկասկած ժողովրդականից են անցել առակագրքերին, ուստի և անխառն ձևով արտահայտում են ժողովրդի վերաբերմունքը կրոնի և նրա սպասավորների նկատմամբ։

Առակներից կարելի է պատկերացում ստանալ միմյանց հարևանությամբ (հաճախ նույն քաղաքում) ապրող ժողովուրդների ազգամիջյան հարաբերությունների մասին («Տաճկաց օրէնք», «Քահանայ և ղադի», «Այծք և գայլք», «Միայնակեաց և տաճիկ իշխան», «Գայլ և ոչխարք» և այլն)։

Ստեղծված լինելով գերազանցապես քաղաքային միջավայրում, առակագրքերի մեջ եղած ստեղծագործություններում արտացոլվել է այդ միջավայրի կյանքն ու կենցաղը։ Հակառակ Մխիթար Գոշի ժողովածուի, որն ունի կուռ կառուցվածք, առակների դասավորությունը կատարված է որոշակի սկզբունքով, Վարդանի անվան հետ կապված առակագրքերում նյութերը համակարգված դասավորություն չունեն, միմյանց հաջորդող առակները ոչնչով իրար հետ կապված չեն։ Նրանցից յուրաքանչյուրը ունի ինքնուրույն սյուժե, անկախ գաղափար, ուրույն նպատակադրում, տարբեր գործող անձեր։ Ժանրային առանձնահատկությունների տեսակետից նույնպես առակագրքերում տեղ գտած ստեղծագործությունները միատարր չեն։ Այստեղ, ինչպես ասվեց, կարելի է գտնել նաև զանազան հետաքրքրաշարժ պատմություններ, զրույցներ («Գինի», «Կաթ մի մեղր պատճառ պատերազմի», «Հնարք սատանայի», «Տանպատեցի ջուլհակ» և այլն), մանրապատում պատմվածքներ («Միամիտ գողք», «Լեզուանի կին», «Ջկներագէտ ճուհի» և ուրիշներ) և նույնիսկ մանրավեպեր, թեև իրենց ժանրային ձևավորումը վերջնականապես չստացած, ինչպես, օրինակ, «Պղպղայն»։ Այս և նման այլ մանրավեպեր («Ձուկն, թէ կատու», «Արուեստ կնոջ» և այլն), որոնք ունեն երգիծական երանգ, անդրադարձնում են, սովորաբար, մեծատուն քաղաքացիների ընտանեկան վախհարաբերությունները։ Քիչ չեն այն առակներն ու զավեշտական պատմությունները, որոնք ստեղծված են զվարճասեր հասարակայնության պահանջները բավարարելու համար։ Դրանցից են՝ «Միմոս Զիս վաճառական», «Ճոհի», «Աղուես և պանրացան մարդ», «Գայլ յուսումըն», «Այր որոյ չէ տեսեալ ոչ բաղանիս և ոչ խոզ», «Տանուտէր և որդին», «Հայր և որդի», «Երեց ասորի և երիտասարդ հայ» և շատ ուրիշներ։

Չնայած այս առակների ու պատմությունների կատակային բնույթին, այնուամենայնիվ, դրանք ևս զգալի ճանաչողական արժեք ունեն։

Առակների գործող անձերը մարդիկ են՝ իրենց ծաղրվող թերություններով ու դրվատվող առաքինություններով, և կամ կենդանիներ, թռչուններ և այլն։ Այս վերջին դեպքում մարդկային հասարակությունը իր արտացոլումն է գտնում կենդանական աշխարհում այլաբանորեն, այսինքն կենդանիների հարաբերությունները հոմոմորֆ ձևով վերարտադրում են մարդկային հարաբերություններ, կերպարների հարաբերակցությունը նման է նախատիպերի ու բնօրինակների առնչությանը, ինչ որ հատուկ է առհասարակ առակագրությանը։

Առակներից շատերի գլխավոր գործող անձը աղվեսն է. այս է պատճառը, որ Վարդանի անվան հետ կապված առակագրքերը ստացել են նաև «Աղվեսագիրք» անվանումը։ Հայկական առակներում աղվեսը միշտ չէ, որ կերպավորվում է իր համբավին (խորամանկություն) համապատասխան, այլև օժտված է բավական բազմազան գծերով, մեկ նա անմիտ է, հիմար, դյուրահավատ, երբեմն սրամիտ, փորձառու, զգաստ և համբերող է, երբեմն էլ ուխտադրուժ ու նենգավոր։

Ինչպես աղվեսը, այնպես էլ մյուս կենդանիները առակներում առնված են ոչ միայն իրենց բնորոշ հատկանիշներով, այլև հաճախ հանդես են գալիս վարքի, վարմունքի տարբեր, բայց նույնպես իրենց համար բնութագրական այլ կողմերով։ Բոլոր դեպքերում նրանք այլաբանորեն անձնավորված են, ընթերցողը ի դեմս նրանց տեսնում է մարդկանց, նրանց հատկանիշների մեջ մարդկային հատկանիշներ, հարաբերությունների մեջ մարդկային հարաբերություններ։

Լավագույնները այն առակներն են, որոնք առակագրքերի մեջ են մտել ժողովրդական բանահյուսությունից։ Դրանց պատմողական մասը առավելագույն չափով հակիրճ է, ամփոփ ու հստակ և լիովին հաղորդում է առակախոսի միտքը, միտումը, հուշում գաղափարը, այնպես որ ավելորդ է դառնում մեկնությունը։ Եվ իրոք, ժողովածուների առակներից շատերը մեկնողական մաս չունեն և դրանց կարիքը չի էլ զգացվում, ինչպես «Աղուես և գայլ» առակում։

Կան առակներ էլ, որոնց մեկնությունները չեն համապատասխանում պատումի բովանդակությանը, չեն բխում նրանից։ Դրա պատճառն այն է, որ առակագրքեր կազմող հոգևոր գործիչները կամ խրատների համար առակներ օգտագործող քարոզիչները առակները քաղելով ժողովրդից՝ աշխատել են միաժամանակ հեռանալ պատումի բովանդակությունից և իբրև մեկնություն դնել կրոնական խրատ-բանաձևումներ:

Վարդան Այգեկցու անունով տարածում գտած ժողովածուները, որոնք ժամանակի ընթացքում ճոխացել են ժողովրդական բանարվեստից առնված նյութերով, մատչելի ձևով հոգևոր սնունդ են տվել միջնադարյան ընթերցողին և ունկնդրին։ Նրանց մեջ տեղ գտած առակները, զվարճալի պատմությունները, մանրավեպերը, խրատական պատումներր արվեստի տեսակետից միջին դարերի հայ գեղարվեստական արձակի մարգարիտներն են, միաժամանակ դրանք կարևոր աղբյուր են ժամանակի կյանքի բազմաթիվ այնպիսի կողմերի լուսաբանման համար, որոնց մասին լռում են մատենագրական մյուս հուշարձանները։

Աղբյուրներ

  • Էմ. Պիվազյան, Վարդան Այգեկցի: Հայ մշակույթի նշանավոր գործիչները. V-XVIII դարեր, Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, էջք 283-295:
Անձնական գործիքներ