Ռափայել Պարոնչ

LitoPediaյից՝ ազատ հանրագիտարանից

Ռափայել Պարոնչ (Հովսեփ Պարոնյան, 1847, ապրիլի 28, Սուչավա – 1912, նոյեմբերի 29, Վիեննա), հայագետ, գրող, խմբագիր: Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ 1867-ի դեկտեմբերի 22-ից:

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Եղել է Մխիթարյան վանքի թանգարանի տեսուչը և նկատելի դեր է կատարել նրա հարստացման գործում: «Հանդես ամսօրյա» հրատարակության առաջին տարվանից (1887) եղել է նրա խմբագրապետը` մինչև կյանքի վերջին տարիները: Այդ հանդեսում տպագրել է չափածո ստեղծագործություններ, բանասիրական և այլ բնույթի հոդվածներ: 1891-ին առանձին գրքով լույս է ընծայել «Առակներ և առածներ» գերմաներեն ժողովածուն, որը հաջորդ տարվանից թարգմանաբար տպագրվել է նաև «Հանդես ամսօրյայում»: Գերմանական մամուլը բարձր գնահատական է տվել նրա այդ աշխատությանը: Մասնակցել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» գերմաներեն թարգմանությանը, օժանդակելով թարգմանիչ Շմիդտին: Կյանքի վերջին տարիներին տառապել է հոգեկան հիվանդությամբ և իր օրերը անց կացրել վանքի խցիկներից մեկում, կատարյալ լքված վիճակում, որը պատճառ է դարձել օտար մամուլի լայն արձագանքներին:

Գրականություն

  • «Հանդես ամսօրյա», 1913, թիվ 1-2 («Ռափայել Պարոնչ»):

Աղբյուրներ

  • Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Գ, գիրք 1, Ե., «Խորհրդային գրող», 1990, էջ 251:
  • Սուրեն Շտիկյան, Հայ նոր գրականության ժամանակագրություն (1801-1850), Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1973, էջ 297:
Անձնական գործիքներ