Երկրորդական նախադասություն

LitoPediaյից

Երկրորդական նախադասություն, ասում են նաև ստորադաս նախադասության, կախյալ նախադասություն. բարդ ստորադասական նախադասության կազմի մեջ մտնող այն բաղադրիչ նախադասությունը, որը կախյալ հարաբերության մեջ է գերադաս (գլխավոր) նախադասության հանդեպ և լրացնում է նրան։

Ըստ շարադասության երկրորդական նախադասությունը կարող է լինել առաջադաս, երբ դրված է գլխավորից առաջ, վերջադաս, երբ դրված է գլխավորից հետո, միջադաս, երբ այն ընկնում է գլխավոր նախադասության անդամների միջև։

Բազմաբարդ ստորադասական նախադասության մեջ երկրորդականների ունեցած հարաբերությունը գլխավորի (գերադասի) նկատմամբ ունի այլևայլ դրսևորումներ։ Այն կարող է իրացվել, օրինակ, համաստորադասությամբ և ենթաստորադասությամբ։ Երբ երկրորդականները զուգահեռաբար լրացնում են գերադասին, ապա առկա է համաստորադասություն, իսկ երբ դրանք լրացնում են միմյանց (մեկը՝ մյուսին, հաջորդը՝ նախորդին), ապա առկա է ենթաստորադասաթյուն։

Մեկից ավել այն երկրորդական նախադասությունները, որոնք լրացնում են գլխավորին (գերադասին) կամ նրա միևնույն անդամին իմաստային նույն հարաբերությամբ (այսինքն՝ կատարում են շարահյուսական նույն պաշտոնը), կոչվում են համասեռ երկրորդականներ, օրինակ՝ «Ես նկատել եմ, որ դու շատ ես սիրում փոքր եղբորդ և ծնողի պես հոգ ես տանում նրա նկատմամբ»։ Մեկից ավելի այն երկրորդական նախադասությունները, որոնք տարաբնույթ են (լրացնում են գլխավորի՝ գերադասի նույն կամ տարբեր անդամների), կամ էլ նույնաբնույթ են, սակայն լրացնում են գլխավորի (գերադասի) տարբեր անդամների, կոչվում են անհամասեո երկրորդականներ, օրինակ՝ «Երբ հասանք գետափ, մենք վրան զարկեցինք, որպեսզի գիշերենք այնտեղ»։ «Ուղեկիցս, որին մթության մեջ հազիվ էի նշմարում, բարեբախտաբար ընտրել էր այն ճանապարհը, որն ամենակարճն էր»։

Այլ խմրավորմամբ ոմանք համասեռը կոչում են համաստորադաս, անհամասեռը՝ տարաստորադաս։

Երբ մի երկրորդական նախադասություն ստորադասված է անմիջականորեն գլխավորին ստորադաս երկրորդական նախադասությանը, ապա այն կոչվում է երկրորդական կարգի երկրորդական նախադասություն: Երկրորդական կարգի երկրորդական նախադասությանը ստորադասված երկրորդական նախադասությունը կոչվում է երրորդական կարգի երկրորդական նախադասության։ Հաջորդաբար ստորադասվող այդպիսի երկրորդական նախադասությունները կոչվում են ենթաստորադաս երկրորդական նախադասության, օրինակ՝ «Բոլորը քաջալերում էին խիզախ երիտասարդին, ա) որպեսզի նա փրկի անօգնական ծերունուն, բ) որը մնացել էր գամված անկողնուն, գ) որովհետև ուժ չէր ունեցհլ վեր կենալու ու ժամանակին հեռանալու կրակի ու ծխի մեջ կորած տնից»։ Այս ստորակարգությունները թեև կառուցվածքայնորեն հնարավոր է շարունակել, բայց դա ծանրաբեռնում է լեզուն և սովորաբար չի իրացվում։

Երկրորդական նախադասությունը, նայած թե գլխավոր (գերադաս) նախադասության որ անդամի դերն է կատարում, կոչվում է այդ անդամի անունով, այն է՝ ենթակա երկրորդական նախադասություն, ստորոգելիական երկրորդական նախադասություն, որոշիչ երկրորդական նախադասություն, հատկացուցիչ երկրորդական նախադասություն, բացահայտիչ երկրորդական նախադասություն, խնդիր երկրորդական նախադասություն, պարագա երկրորդական նախադասություն։

Բովանդակություն

Ենթակա երկրորդական նախադասություն

Ենթակա երկրորդական նախադասության դեպքում գլխավոր նախադասության մեջ իբրև հարաբերյալ կարող են հանդես գալ, օրինակ, նա, այն, բոլորը, ամեն ոք, յուրաքանչյուրը, մի բան բառերն ու բառակապակցությունները, իսկ երկրորդական նախադասությունը կապակցվում է որ, թե ստորադասական շաղկապներով, ով, որ(ը), ինչ (երբեմն նաև՝ երբ) հարաբերականներով. օրինակ՝ «Մրցումը կշահի նա, ով ունի լավ մարզվածաթյուն, բարոյական ու կամային կոփվածություն»։

Ստորոգելիական երկրորդական նախադասություն

Ստորոգելիական երկրորդական նախադասության դեպքում որպես հարաբերյալ հանդես են գալիս այն, նա, այնպիսին, այնքան ևն։ Որպես հարաբերականներ ու ստորադասական շաղկապներ գործառում են որ, թե, ուր, որտեղ, ինչ (ինչ որ), ով, որպիսին, ինչպիսին, ինչքան և այլ բառեր. «Ծնողների ուզածն այն է, որ Վահանը կարգին մարդ դառնա»։ Շարադասությամբ վերջադաս է, սովորաբար դրվում է գլխավոր նախադասության անվանաբայական ստորոգյալից անմիջապես հետո։

Որշիչ երկրորդական նախադասություն

Որոշիչ երկրորդական նախադասության դեպքում իբրև հարաբերյալներ հանդես են գալիս այն, այնպիսի, նույն, այնքան, նույնպիսի ցուցական դերանունները, իբրև հարաբերականներ ու ստորադասական շաղկապներ հանդես են գալիս որ, որտեղ, ուր, երբ, ինչպիսի, որպիսի, ինչ, թե, ինչքան, որքան և այլ բառեր. «Զեկուցողը բերեց այնպիսի փաստեր, որոնց ճշտության վրա կասկածել չէր կարելի»։

Բացահայտիչ երկրորդական նախադասություն

Բացահայտիչ երկրորդական նախադասությանը նկատելիորեն մոտ է որոշիչ երկրորդական նախադասություններին։ Դրվում է գլխավոր նախադասության մեջ արտահայտված բացահայտյալից անմիջապես հետո. գլխավորի մեջ հարաբերյալ չունի, երկրորդական ստորոգյալը հիմնականում անվանաբայական է. գլխավորին միանում է հիմնականում որ բառով, օրինակ՝ «Տնօրենը քաջալերեց մեր դասարանի աշակերտներին, որոնք բնության ջերմ բարեկամներն են»։

Հատկացուցիչ երկրորդական նախադասություն

Հատկացուցիչ երկրորդական նախադասության դեպքում որպես հարաբերյալ բառ հանդես է գալիս հիմնականում նրա (նրանց) ձևը. երկրորդական նախադասությունը գլխավորին միանում է հիմնականում ով (ովքեր) հարաբերականով, շարադասությամբ մեծ մասամբ հաջորդում է գլխավորի հատկացյալին։ Օրինակ՝ «Դու հաշվի առար միայն նրանց դիտողությունները, ովքեր դրանք արեցին բարեկամաբար, ոչ միտումնավոր»։

Խնդիր երկրորդական նախադասություն

Խնդիր երկրորդական նախադասությունը նայած թե որ խնդրի դերն է կատարում, ըստ այդմ էլ տարբերակում են, օրինակ, ուղիղ խնդիր, հանգման՝ մատուցման խնդիր, անջատման խնդիր, միջոցի խնդիր, վերաբերության խնդիր երկրորդական նախադասություններ: Խնդիր երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են գրեթե նույն շաղկապներով ու հարաբերական բառերով։

Ողիղ խնդիր երկրորդական նախադասություն

Ուղիղ խնդիր երկրորդական նախադասության դեպքում իբրև կապակցվող տարրեր հանդես են գալիս որ, թե շաղկապները (մասամբ և՝ ինչ, ինչ որ, ով, երբ, իբր թե բառերն ու բառակապակցությունները). իբրև հարաբերյալ սակավադեպ գործածվում են այն, նրան, ամենը, նույնը, ամեն ինչ դերանունները (բայց սրանք մեծ մասամբ բացակայում են), օրինակ՝ «Ելույթ ունեցողը ընդգծեց հատկապես այն, որ Վահեի ծնողները թերացել են նրա դաստիարակության գործում»։ Հ

Հանգման` մատուցման խնդիր երկրորդական նախադասություն

Հանգման՝ մատուցման խնդիր երկրորդական նախադասությունը գլխավորին միանամ է որ, թե շաղկապներով, երբեմն և՝ ով հարաբերականով. գործածվում են այն բանին, նրան, այն ամենին հարաբերյալները. «Բանը հասավ նրան, որ վաղեմի բարեկամներն իրար վիրավորեցին»։ «Ծրարը հանձնեցի նրան, ում այն հասցեագրված էր»:

Անջատման խնդիր երկրորդական նախադասություն

Անջատման խնդիր երկրորդական նախադասությունը գլխավորին միանում է որ, երբեմն թե շաղկապներով. կարող են հանդես գալ նրանից, այն բանից էլ հարաբերյալները. «Հետախույզը միշտ էլ զգուշանում է, որ իրեն կարող են ծուղակի մեջ գցել»։

Միջոցի խնդիր երկրորդական նախադասություն

Միջոցի խնդիր երկրորդական նախադասությունը գլխավորին է միանում որ, թե շաղկապներով (երբեմն՝ ինչ, ինչ որ հարաբերականներով). կարող են հանդես գալ նրանով, այն ամենով, այն բանով հարաբերյալները, օրինակ՝ «Վարպետը ոգևորված աշխատում էր այն ամենով, ինչ ձեռքն էր ընկնում»։

Վերաբերության խնդիր երկրորդական նախադասություն

Վերաբերության խնդիր երկրորդական նախադասությունը գլխավորին միանամ է որ, թե շաղկապներով. գործածվում են այն մասին, նրա վերաբերյալ, նրա մասին, նրանում, այն բանում և համիմաստ այլ հարաբերյալներ. «Հայրը շատ էր մտածում այն մասին, որ որդին բարեկիրթ քաղաքացի դառնա»։


Զանազանում են նաև այլ բնույթի խնդիր երկրորդական նախադասություններ։

Պարագա երկրորդական նախադասություն

Պարագա երկրորդական նախադասությունը, նայած թե որ պարագայի դերն է կատարում, ըստ այդմ էլ տարբերակում են տեղի, ժամանակի, ձևի և համեմատության, չափի, պատճառի, նպատակի, պայմանի, զիջման, հետևանքի պարագա երկրորդական նախադասություններ։

Տեղի պարագա երկրորդական նախադասություն

Տեղի պարագա երկրորդական նախադասությունը գերադասին միանում է միայն հարաբերական (մասնավորապես ուր, որտեղ) բառերով, նաև՝ ուր որ, ուր և, որտեղ և կապակցություններով (գերադասի մեջ՝ այնտեղ, այնտեղից, դեպի այնտեղ, այնտեղով հարաբերյալները), օրինակ՝ «Այնտեղով, ուր այծյամն անգամ չէր կարող շարժվել, հեշտ ու հանգիստ անցան մեր ալպինիստները»։

Ժամանակի պարագա երկրորդական նախադասություն

Ժամանակի պարագա երկրորդական նախադասությունը գերադասին միանում է երբ, մինչև, մինչև որ, մինչ, մինչդեռ, քանի, քանի դեռ, քանի որ, հենց, հենց որ և այլ շաղկապներով ու հարաբերական բառերով (բառակապակցություններով), մասամբ և այլ միջոցներով. «Երբ արևը ծագում է, մենք գնում ենք դաշտ»։

Ձևի և համեմատության պարագա երկրորդական նախադասություն

Ձևի և համեմատության պարագա երկրորդական նախադասությանը գերադասին միանում է որ, կարծես, ասես, որ կարծես, որ ասես, ինչպես, ինչպես որ, ոնց, ոնց որ, քան, քան թե շաղկապներով ու հարաբերականներով, գլխավորի մեջ կարող են լինել այնպես, այն ձևով հարաբերյալնևրր. «Սահակը այնպես է աշխատում, կարծես արձակուրդից նոր է եկել»։

Չափ ու քանակի և աստիճանի պարագա երկրորդական նախադասություն

Չափ ու քանակի և աստիճանի պարագա երկրորդական նախադասությունը գերադասին միանում է որ, մինչև շաղկապներով և ինչքան, ինչչափ, որքան, որչափ, քանի հարաբերականներով. գերադասի մեջ կարող են լինել այնքան, այնչափ, այնքանով, այն աստիճան հարաբերյալները. «Հորդ անձրևներից գետն այնքան վարարեց, որ ոչ ոք չկարողացավ անցնել»։

Պատճառի պարագա երկրորդական նախադասություն

Պատճաոի պարագա երկրորդական նախադասությանը գերադասին միանում է որովհետև, քանի որ, որ, երբեմն, այնքանով, որքանով որ և այլ շաղկապներով, որպես հարաբերյալներ (հիմնականում որ շաղկապի առկայության դեպքում) գործառում են այն պատճառով, շնորհիվ այն բանի, այն բանի հետևանքով, նրա համար և այլն. «Երեկ դասի չեմ եկել, որովհետև հիվանդ էի»։ Սրա մի տարատեսակն է՝ հիմունքի պարագա երկրորդական նախադասությունը, գերադասին միանում է հիմնականում քանի որ շաղկապով, մասամբ և՝ այնքանով, որքանով որ, չէ՞ որ կապակցություններով. նախադաս լինելու դեպքում գերադասի մեջ կարող են լինել ուստի, ուրեմն, երբեմն՝ այդ պատճառով, դրա համար հարաբերակից տարրերը։ «Քանի որ չես ուզում ապրել քաղաքում, ուրեմն գնա գյուղ»։

Նպատակի պարագա երկրորդական նախադասություն

Նպատակի պարադա երկրորդական նախադասությունը գերադասին միանում է հիմնականում որպեսզի, որ երբեմն նաև թե շաղկապներով, գլխխավորի մեջ կարող են լինել նրա համար, այն նպատակով հարաբերյալները, ստորոգյալը ըղձական եղանակով է. «Դուք պետք է գործադրեք ամեն ջանք, որպեսզի հասնեք ձեր նպատակին»։ Կապակցությունը կարող է դրսևորվել նաև թե ինչ է, չլինի թե, ինչ է, ինչ է թե բաղադրություններով. «Այս մարդը ամեն նվաստացում տարավ, թե ինչ է պաշտոնյա պիտի դառնա»։

Պայմանի պարագա երկրորդական նախադասություն

Պայմանի պարագա երկրորդական նախադասության դեպքում գերադասի հետ կապակցությունը իրացվում է եթե, թե, որ, եթե... ապա, եթե... ուրեմն, երբեմն՝ երբ, թե որ, պայմանով որ շաղկապներով. մասամբ և գործածվում են այլ տարրեր։ Գերադասի մեջ կարող են մտնել այն դեպքում, այն ժամանակ հարաբերյալները. «Այդ զբոսանքը կլինի, եթե մեզ առաջնորդի դասարանի ավագը»։

Զիջական երկրորդական նախադասություն

Զիջական երկրորդական նախադասության դեպքում (կոչվում է նաև հակառակ հիմունքի երկրորդական նախադասություն) կապակցությունը դրսևորվում է չնայած, թեկուզ, թեե, թեպետ, չնայած որ, չնայելով որ, չնայած այն բանին որ մենադիր և չնայած... սակայն (բայց), թեպետ... բայց (սակայն) զուգադիր շաղկապներով (համեմատել նաև՝ ինչքան էլ, որքան էլ, ինչ էլ, ով էլ, ուր էլ, ինչ էլ որ, ով էլ որ, ուր էլ որ, ինչքան էլ որ, որքան էլ որ). «Չնայած մենք ժամանակին զգուշացրինք նրան այդ մասին, բայց նա մինչև վերջ էլ մնաց անտարբեր»։ «Ինչքան էլ համոզեցինք, նա չեկավ մեզ հետ»:

Հետևանքի երկրորդական նախադասություն

Հետևանքի երկրորդական նախադասությունը գերադասին միանում է ուստի, ուստի և, ուրեմն, հետևաբար, այնպես որ, որից, որի համար, որի պատճառով բառերով ու բառակապակցություններով. «Բոլորն արդեն հավաքվել են, հետևաբար ժողովը պետք է սկսել»։

Երբ երկրորդական նախադասությունը ոչ թե լրացնում է գլխավոր նախադասության այս կամ այն անդամին, այլ ամբողջ գերադասին, ապա ստորադասական կապակցությունը մերձենում է համադասականին, և երբեմն դրանք քերականորեն տարորոշել դժվար է լինում։

Աղբյուրներ

Անձնական գործիքներ