Բանաստեղծություն
LitoPediaյից՝ ազատ հանրագիտարանից
Բանաստեղծություն, գրական-գեղարվեստական չափածո ստեղծագործության տեսակ: Քնարական ոչ մեծ ծավալի գործեր, որոնք բացահայտում են որևէ զգացմունք, տպավորություն, խոհ (օրինակ, Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի բանաստեղծությունները):
Հաճախ բանաստեղծություն են կոչում առհասարակ չափածո ստեղծագործությունները` ի տարբերություն արձակ երկերի: Այդ իմաստով է, օրինակ, Հովհաննես Թումանյանը իր չափածո գործերի բոլոր ժողովածուները անվանել «Բանաստեղծություններ», նրանց մեջ մտցնելով ոչ միայն իր քնարական ոտանավորները, այլև պոեմներն ու բալլադները: Այս առումով «բանաստեղծությունը» նույնանիշ է պոեզիայի հետ:
Մինչև 19-րդ դարի վերջը հայ իրականության մեջ բանաստեղծություն ասելով հասկացել են նաև ընդհանրապես գեղարվեստական գրականություն (օրինակ, Միքայել Նալբանդյանն այդ իմաստով գրել է. «Բարի հիշատակի արժանավոր Աբովյանի, Վերք Հայաստանի անունով գործը- է ազգային բանաստեղծության մի հարազատ գաղափար»: Իսկ Րաֆֆին «Կայծերում» ասում էր. «Գիտությունը չոր ու ցամաք սնունդ է տալիս մարդկանց մտքերին, բայց բանաստեղծությունը կենդանացուցիչ սնունդ է տալիս նրանց սրտերին, հոգուն, երևակայությանը»):
«Բանաստեղծություն», «բանաստեղծական» հասկացությունները փոխաբերական առումով կիրառվում են նաև կյանքի ու արվեստի այն երևույթների նկատմամբ, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ ու ոգևորիչ ուժով:
Աղբյուրներ
- Էդվարդ Ջրբաշյան, Հենրիկ Մախչանյան, Գրականագիտական բառարան, Ե., «Լույս», 1972, էջ 47:
- Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., «Վան Արյան», 2009, էջ 41: