Բայ

LitoPediaյից

Բայ, խոսքի մաս. արտահայտում է գործողություն, եղելություն (պրոցեսայնություն՝ ընթացքայնություն), դրսևորվում է ուրույն կարգերով (եղանակ, ժամանակ, կերպ, դեմք, թիվ, հակադարձում՝ հաստատում-ժխտում, բայասեռ). ունի բառակազմական ու ձևակազմական, ինչպես և զուգորդումների ինքնատիպ կաղապարներ, խոնարհման հարացույց ու անդեմ ձևեր, ընդ որում որոշ անդեմ ձևեր համատեղում են, բացի բայականից, նաև անվանական կարգեր ու կիրառություններ, կամ կարող են հանդես գալ գոյականաբար, ածականաբար, մասամբ և մակբայաբար։

Նախապես հստակորեն չէր սահմանազատված նախադասության անդամ՝ ստորոգյալ գաղափարից։ Հնում անվան և բայի փոխհարաբեբության մեջ առաջնությունը տալիս էին մե՛կ անվանը, մե՛կ բային։ Հետագայում որոշ քերականների մոտ բայի դերի բացարձակացում կատարվեց՝ մյուս խոսքի մասերը հիմնականում դիտելով իբրև դրան ստորադաս մասեր։ Ըստ Մանուկ Աբեղյանի ինքնուրույնաբար խոսք (նախադասություն) կազմող բառերը բայերն են. բայն է խոսքի կենտրոնը, առանցքը։

Երկար ժամանակ հայ մեկնիչ-քերականները Դիոնիսոս Թրակացու քերականության հետևությամբ հայերենում առանձնացնում էին նաև խոնարհման այնպիսի կարգեր, որոնք խորթ էին մեր լեզվին։ Այսպիսի հունաբանությունները (օրինակ, երկակիի ձևերի ու խոնարհման հարացույցի արհեստական կաղապարների տարբերակումը) ժամանակի ընթացքում դուրս թողնվեցին բայական համակարգի նկարագրությունից։ Ոմանք էլ դերբայական ձևերը քննում էին իբրև աոանձին համակարգի երևույթներ կամ լուծում այլ խոսքի մասերի մեջ։ Խորհրդահայ քերականագիտությունը որոշակի դարձրեց հայերենի դերբայների իրավիճակը, պարզեց դրանց տեղն ու համակարգային կապերը։

Քերականագիտության մեջ ամենաբնորոշ հատկանիշը, որով կատարվել է ներբայական խմբավորում, համարվել է դիմայնությանը, դեմք ցույց տալը։ Ըստ այդմ էլ բայական ձևերը ներկայացվել են երկու խմբով, դրանք են՝ դիմավոր ձևեր կամ դիմավոր բայեր և անդեմ ձևեր կամ անդեմ բայեր կամ՝ դերբայներ։ Երբեմն «անդեմ բայեր» կամ «դիմազուրկ բայեր» ասելով հասկանում են դիմապակաս բայերը, որոնք գործածվում են մեկ (սովորաբար երրորդ) դեմքով. ընդ որում բնական կամ տրամաբանական դեմքը չի հասկացվում, այդ պատճառով էլ դրանք կոչվում են նաև միադեմ՝ միադիմի բայեր, ինչպես՝ մթնեց, լուսացավ, անձրևում է։ Բայերի բացարձակ գերակշռող մասը եռադիմային է, ունի երեք (առաջին, երկրորդ, երրորդ) դեմք. գրեմ, գրես, գրի։ Բայց գործառությամբ առաջնություն ունի երրորդ դեմքը։

Եղանակայնության հատկանիշով զանազանվում են՝ սահմանական, հրամայական, ըղձական, «պայմանական կամ ենթադրական», անհրաժեշտության (հարկադրական) եղանակի բայեր։ Ըստ սեռանիշության՝ ներգործական (ներգործական-պատճառական), կրավորական, չեզոք, անդրադարձ, հասարակ, փոխադարձ, ինչպես և՝ անցողական ու անանցողական բայեր։

Ըստ կերպային նշանակության՝ ոչ տևական, տևական, բամապատկական բայեր. ըստ խոնարհման յուրահատկությունների՝ ամբողջ կամ լրիվ բայեր, որոնք ունեն խոնարհման լրիվ հարացույց, պակասավոր բայեր, որոնք ունեն հարացույցի ոչ բոլոր անդամները, կանոնավոր բայեր, որոնք ունեն կանոնական, օրինաչափ ձևեր, անկանոն՝ արտուղի, զարտուղի բայեր, որոնք հարացույցի այս կամ այն մասում շեղվում են օրինաչափականից, իսկ այն զույգ ձևերը, որոնք ըստ էության կերպային տարբերակներ են (տարարմատությամբ կամ տարահիմքությամբ)՝ հավելավոր բայեր. ունեմ-ունենում եմ, արժե-արժենում է ևն։ Երբեմն առանձնացնում են բայեր, որոնք արտահայտում են «գոյություն ունենալու» իմաստ և կոչվում են էական բայեր, ինչպես՝ է, գոմ, լինեմ։

Իմաստաբանական պլանում զանազանում են նաև՝ ասացական բայեր (ասել, պատմել, խոսել, հարցնել), զգացական բայեր (սիրել, կարոտել, հիանալ, զարմանալ), իմացական բայեր (գիտենալ, ուսանել, քննել), մտածական բայեր (մտածել, խորհել, մտորել), ապա և՝ վերացական բայեր, որոնք կարող են հանդես գալ հանգույցի դերում, նյութական իմաստ չունեն կամ տվյալ գործածությամբ վերացարկված են այդ իմաստից, թանձրացական բայեր, որոնք ունեն նյութական իմաստ, իսկ այն բայերը, որոնք այլ բայի հետ զուգորդվելով կամ հանգույցի դերում հանդես գալով՝ արտահայտում են քերականական-բայական կարգային իմաստներ, կոչվում են օժանդակ բայեր, ինչպես՝ եմ, լինել, տալ (գրում եմ, գրելիս լինեմ, գրել տալ)։

Բայակազմական պլանը բազմազան Է։ Ածանցումով բայեր են կազմվում տարբեր խոսքի մասերից, ըստ այդմ զանազանում են՝ անվանակազմ՝ անվանածանց՝ անվանական բայեր՝ մեծանալ, բարձրանալ, ամրանալ, բայակազմ բայեր. վերադառնալ, ներգրավել, արտաբերել, ինչպես և՝ թվականակազմ բայեր (երկրորդել, տասնապատկել), դերանվանակազմ բայեր (ոչնչանալ, նույնանալ), մակբայակազմ բայեր (դանդաղել, հաճախանալ, արագանալ), բնաձայնական բայեր՝ թրխկալ, չխկչխկալ, ճռռալ: Բոլոր բայերը իրենց «ուղիղ»՝ անորոշ դերբայի ձևում բաղադրյալ (ածանցավոր) են, ունեն –ել կամ -ալ մասնիկը։ Սրանք անորոշ դերբայի հիմքին ավելանում են վերջից. բառակազմական պլանում ածանցի գործառություն ունեն, իսկ ձևակազմական պլանում վերջավորաթյան (հմմտ. քար>քարել և քարել\\քարող\\քարող\\քարեմ\\քարեցի)։ Պարզ կամ անածանց բայ ասելով հասկացվում է անորոշ դերբայի հիմքում բայածանց չունեցողը (խոսել, քայլել, գրել, կարդալ). և սա ձևակազմական պլանում: Բառակազմության մեջ դա կնշանակի առհասարակ ածանցազուրկ բայը։ Հայերենի բայը այս տեսանկյունից միշտ բաղադրյալ է։ Բայակազմության մեջ կարող են գործառել բայածանցներ, որոնք այս կամ այն հիմքից բայ են կազմում, ինչպես՝ –ել (քարել, հարթեք), –ալ (աղալ, կարդալ), -ան+ալ (լավանալ, մեծանալ, քարանալ), ներ- (ներգրավել, ներմուծել), վեր- (վերադառնալ, վերածել), ինչպես և՝ բայածանցներ, որոնք հիմքակազմ նշանակություն ունեն (-ան–, -են–, –ն–, –չ–, –ացն–, –եցն–, –ցն–,-եց–, –աց–): Հիմքային ածանցները հիմնականում չորս տիպի են՝ սոսկածանցներ, պատճառական, կրավորական, բազմապատկական ածանցներ: Վերջինները հիմքատարբերակիչ նշանակություն չունեն։ Ուղիղ ձևում ածանցավորը կարող է թեք ձևում բեռնաթափվել հիմքածանցից (տեսնել>տե՛ս, թռչել>թռավ), իսկ պարզ համարվողը՝ ածանցավորվել (գրել>գրեցի, կարդալ>կարդացի):

Բառակազմական պլանում առկա են նաև բարդ ու բարդածանցավոր բայեր: Զանազանում են, օրինակ, հարադրական բայեր (գլուխ բերել, բաց անել, հուպ տալ), կրկնավոր բայեր (վազվզել, չափչփել)։ Բարդ բայի հիմքում առկա է մեկից ավելի հիմական ձևույթ, հարադրականի դեպքում՝ մեկից ավելի բաղադրիչ, ինչպես՝ ձևափոխել շրջանցել, պար գալ։

Ձևակազմական պլանում զանազանում են՝ համադրական բայեր, որոնք ձևավորվում են հիմքով ու վերջավորություններով (կամ, ունեմ, գրեցի, գրեմ) և վերլուծական բայեր (մեկից ավելի բայաբաղադրիչներով կամ դիմավոր բայաձևով ու օժանդակ բայով և կամ դերբայով ու օժանդակ բայով զուգորդվածները, ինչպես՝ գրած լինել, գնում եմ, գնալիս եմ լինում, պիտի գնամ)։ Օժանդակ բայը գործառում է նաև անվանաբայական ստորոգյալի կազմում (ուրախ է, առողջ է, բարի է, քաջ կինի). այս գործառությամբ հանդես են գալիս շատ այլ վերացական բայեր, ինչպես՝ մարդ դարձավ։ Նյութական իմաստ ունեցող բայի հարացուցային ձևերը ինքնին լինում են ստորոգյալ, անկախ նրանից՝ այդ ձևերը համադրական են, թե՞ վերլուծական։ Անդեմ ձևերից մի քանիսը ունեն նաև անվանական կամ մակբայական գործառություններ, կամ էլ միայն այդպիսի գործաոություններ (հմմտ. հարակատարի, ենթակայականի, կատարելի II-ի, անորոշի կիրառությունները): Դերբայների մի մասը միայն բաղադրում է (օժանդակ բայի հետ միասին) հարացուցային շարքի կաղապար։

Ըստ հակադարձման կարգի (հաստատման—ժխտման) զանազանում են՝ հաստատական կամ դրական բայեր և ժխտական բայեր. հմմտ. գրել\\չգրել, գրեմ\\չգրեմ, գրում եմ-չեմ գրում, կգրեմ-չեմ գրի:

Գրականություն

  • Մանուկ Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965։
  • Աշոտ Աբրահամյան, Բայը ժամանակակից հայերենում, գիրք 1, Ե., 1962։
  • Սերգեյ Աբրահամյան և այլք, Ժամանակակից հայոց լեգու, հ. 2, Ձևաբանություն, Ե., 1974:
  • Էդուարդ Աղայան, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Ե., 1967։
  • Հրաչյա Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. IV, գիրք 1-2, Ե., 1959–1961:
  • Մանվել Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, հ. 1-3, Ե., 1970—1977։
  • Հովհաննես Բարսեղյան, Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, Ե., 1954:
  • Հովհաննես Բարսեղյան, Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Ե., 1980:
  • Մ. Ռ. Մելքումյան, Հայերենի բայի ձևավորումը («Լրաբեր», 1972, թիվ 8)։
  • Իվ. Ի. Շիլակաձե, Արդի հայերենի խոնարհման կատեգորիաները («Լեզվի և ոճի հարցեր», 1964, թիվ 2):
  • Հրանտ Պետրոսյան, Հայերենի բայի ձևակազմության մի քանի հարցեր (ԲԿՀ, 1984, թիվ 2):
  • Գևորգ Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե., 1974։
  • Թ. Ջահարյան., Բայի ուսուցման հիմնական հարցերը, Ե., 1956։

Աղբյուրներ

Անձնական գործիքներ